Անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն վարչական ղեկավարների մասնակցությամբ ՝օրակարգային տասնյակ հարցերի քննարկմամբ․
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համայնքի վարչական ղեկավարների մասնակցությամբ։ Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցեցին համայնքի ղեկավարի տեղակալները, խորհրդականը, օգնականները, համայնքապետարանի աշխատակիցներ։
Խորհրդակցության օրակարգը հագեցած էր աշխատանքային բազմաբովանդակ և տարաբնույթ հարցերով։
Նախ քննարկվեցին համայնքում ընթացող սուբվենցիոն աշխատանքները, այնուհետև տոկոսային հարաբերակցությամբ ներկայացվեց յուրաքանչուր վարչական տարածքում հավաքագրված հարկերի և տուրքերի մասին, կարևորվեց հավաքագրումների պատշաճ կերպով կատարումը։
Համայնքի ղեկավարը հետաքրքրվեց և ուշադրության արժանացրեց կարևոր հարցերից ևս մեկին՝ համայնքում ընթացող բարեկարգումներին, որոնք ներկա պահին մեծ թափով են ընթանում՝ ներառելով համայնքի բոլոր բնակավայրերը։
Նշենք, որ այս պահին համայնքի տարբեր բնակավայրերում ընթանում են կոմունալ և բարեկարգման տարատեսակ աշխատանքներ, օրինակ Կարմրաշենում ընթանում են պուրակի կառուցման, Ակունքում ջրագծի կառուցման, Շղարշիկում ջրի ոռոգման համակարգի բարեկարգման, Զովասարում մանկական զբոսայգու կառուցման աշխատանքներ։ Վերոնշյալներն ընթացող աշխատանքների միայն մի փոքր մասն են կազմում։
Այս համատեքստում համայնքի վարչական ղեկավարները հանդես եկան զեկուցումներով, առավել մանրամասնելով իրենց բնակավայրերում ընթացող աշխատանքները, առկա խնդիրները և հարցերը։
Քննարկումների մի փուլ հատկացվեց նաև Թալինի օրվա կազմակերպչական հարցերին, վարչական ղեկավարներն ըստ պատշաճի տեղեկացվեցին օրվա օրակարգի, կազմակերպչական հարցերի մասին, եղավ հարց ու պատասխան և պարզաբանումներ։
Օրակարգային հարցերի շարքում էին նաև համայնքի ՀՈԱԿ-ների, մասնավորապես մանկապարտեզների աշխատանքներին վերաբերող հարցերը, համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հորդորեց վարչական ղեկավարներին՝ առավել մեծ ուշադրություն դարձնել մանկապարտեզներին, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել համայնքի բոլոր ՀՈԱԿ-ները, նպաստելով դրանց աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ու որակապես բարելավմանը։
Համայնքի ղեկավարի կողմից ներկայացվեց ևս մեկ կարևոր հարց՝ համայնքի մշակութային կոթողների, բնակավայրերի արտաքին տեսքի վերաբերյալ։ Մասնավորապես նշվեց, որ բոլոր մշակութային օջախներն ու կոթողները պետք է լինեն իդեալական վիճակում՝ լուսավորված, հագեցած անհրաժեշտ իրերով, բնակավայրերի արտաքին տեսքը պետք է լինի գեղեցիկ ու բարվոք։
Օրակարգային հարցերից զատ խորհրդակցության ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս, բոլոր հարցերի շուրջ ծավալվեցին քննարկումներ, համայնքի ղեկավարը տվեց աշխատանքները կարգավորող հանձնարարականներ։
|