Արամ Գրիգորյանի անվան թանգարան ԱՐԱՄ (ՌՈԻԲՈ )
Մկրտիչ Գրիգորյանը ծնվել է 1971 թվականին փետրվարի 23-ին, Թալինի շրջանի Վերին Բազմաբերդ գյուղում։ Արամը 1989-1991 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ 1996թ. Արամը պայմանագրային զինծառայող էր և պատվախնդիր մարտիկ։ Նա երգում էր խրամատում, երգում էր դիրքերում, երգում էր տանը։ Զենքի հետ և զենքի պես խրոխտ էր նրա երգը։ Արամի երգը ընդհատվեց 2014թ. օգոստոսի 4-ին՝ Քարվաճառում։
Հեռ՝ +374 77-41-59-92
Ն․ Բազմաբերդի հայագիտական թանգարան-լսարան
Հայագիտական թանգարան-լսարան Ներքին Բազմաբերդի Եսայի Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում 2021թ նոյեմբերի 5֊ ին բացվել է հայագիտական թանգարան՝ "Համայնքային հուշարձանապահպանություն" գիտակրթական և գործնական ծրագրի շրջանակներում։ Այն այսուհետ ծառայելու է որպես «Թանգարան-հայագիտական լսարան», որի կայացմանը իրենց աջակցությունն են բերել "Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն" ՊՈԱԿ-ը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Ներքին Բազմաբերդի Եսայի Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցը և Ասատրյան ընտանիքը։ Դպրոցի սաները՝ Հասմիկ Ասատրյանի ղեկավարությամբ, մասնակցելով «Յոթը սարի ետևում» մրցույթ փառատոնին և դառնալով մրցանակակիրներ՝ հնարավորություն ստացան այս գեղեցիկ նախաձեռնությանը։
Ցուցափեղկերում տեղադրված են ճանաչված գիտնական և զինվորական Եսայի Ասատրյանի անձնական իրերը, գիտական աշխատանքների օրագրերը, տետրերը, հնագիտական պեղումներից հայտնաբերված իրեր, լուսանկարչական խցիկը, իսկ լսարանի մի մասում էլ ներկայացված է հայ ազգագրության կենցաղում օգտագործվող իրեր, ինչպիսիք են՝ կարպետը, գորգը, օրորոցը, խեցեղենը, զենքը և այլն: Ցուցադրությանը ներկայացված են հնագետ-գիտնականի հեղինակած երկու գրքերը՝ «Զաքարի բերդ» և «Թալինի շրջանի հուշարձանները»։ Այս ծրագիրը կծառայի իր նպատակներին․ նախ՝ ճանաչելի կդարձնի գյուղն ու դպրոցը, երկրորդ՝ աշակերտներին հնարավորություն կընձեռի մասնակցելու հետաքրքիր գիտակրթական ծրագրերի, պեղումների և հուշարձանապահպանության գործին, որը կբարձրացնի նրանց զարգացման մտահորիզոնը։ Թանգարանը առաջին նախադեպն է, որը գործելու է դպրոցում և կարող է մեծ խթան հանդիսանալ զբոսաշրջության համար։
Հեռ՝ +374 98-96-23-07
Գևորգ Չաուշի թանգարան
1967թ-ին ազգագրական պայքարի հերոս, ֆիդայապետ Գ. Չաուշի զարմիկ, Երևանի պետական համալսարանի դասախոս, մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Գևորգ Մելքոնյանը ձեռնամուխ եղավ տարիներով փայփայած երազանքի իրականացմանը`Աշնակում կառուցել Գ. Չաուշի անվան տուն-թանգարան, որի կառուցումը տևեց տասնամյակներ: Աննկուն կամքով, համագյուղացիների և որոշ նվիրյալների աջակցությամբ հաղթահարելով ժամանակի արգելքները` նրան հաջողվեց հասնել իր և շատերի նպատակի իրականացմանը: Աշնակում վեր հառնեց հուշարձան-թանգարանը՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի և քանդակագործ Օնիկ Հովհաննիսյանի նախագծմամբ:
Գևորգ Չաուշի անվան Տուն-թանգարանը բացվել է 1980-ական թվականներին, և գյուղում սկիզբ է դրվել ֆիդայինների ոգեկոչման օրվա տոնի, կամ ֆիդայատոնի միջոցառումը: Անժամանակ իր մահկանացուն կնքած ազգի նվիրյալի, ճշմարիտ մտավորական Գ. Մելքոնյանի մտահղացումն չիրագործվեց․ թանգարանի զանգակատան գլխին պետք է դրվեր դեպի Էրգիր Ճախրանքի պատրաստ արծիվը: Լինելով Աշնակում և այցելելով թանգարան` կիսատը լրացնելու մեծ պատրաստակամություն հայտնեց երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Սակայն այն իրագործեց նրա որդին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, 2014 թ-ի մայիսի 27-ին: Արծվի քանդակի հեղինակներն են ճարտարապետ Լևոն Մկրտչյանը և քանդակագործ Գևորգ Գևորգյանը: Ընդգրկված է Աշնակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Թանգարանում ներկայացված է Գևորգ Չաուշի կյանքն ու գործունեությունը։ Ներկայացված են անվանի զորավարի անձնական իրերը, ինչպես նաև Հայաստանի XX դարասկզբի պատմական իրադարձությունները նկարագրող ցուցադրություններ։
Հեռ՝ +374 93-73-32-13
Մուշեղ Գալշոյան (Մուշեղ Հովեի Մանուկյան
Մուշեղ Գալշոյան (Մուշեղ Հովեի Մանուկյան) ծնվել է 1934թ-ի դեկտեմբերի 13-ին, Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում։ Հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1981 թ., հետմահու` «Մարութա սարի ամպերը» ժողովածուի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1969 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1963 թվականից։ Գրական անուն է դարձրել իր տոհմական՝ Գալշոյան ազգանունը։ Նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք, Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։ Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարան, բացվել է 2004 թվականին։ Հայ արձակագիր Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանը գտնվում է գրողի ծննդավայր՝ Կաթնաղբյուր գյուղում։ Թանգարանում ներկայացված են գրողի անձնական իրերը և ստեղծագործական կյանքի մանրամասները։
Հեռ՝ +374 77-10-77-72
Թաթուլ Կրպեյանի անվան տուն-թանգարան
Տուն-թանգարանը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Թաթուլ բնակավայրում։ Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին, Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արեգ գյուղում: 1984-1985թթ. ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: 1987-1990թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1987թ. աշնանից անդամագրվել է «Միացում» կազմակերպությանը: 1987-1990 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, միաժամանակ երգել է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում, հավաքագրել և մոռացությունից փրկել է Սասունի և Կարսի շրջանների ժողովրդական, ազգագրական, ինչպես նաև ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր:
1990թ. սեպտեմբերից պատմության ուսուցիչ է աշխատել Գետաշենի դպրոցում: Եղել է որպես Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: Հայրենիքի պաշտպանության համար կյանքը տվել է 1991թ. ապրիլի 30-ին: ՀՀ ազգային հերոսի կոչումը նրան տրվել է հետմահու՝ 1996թ սեպտեմբերի 20-ին:
Պարգևատրվել է "Հայրենիքի" շքանշանով: Տուն-թանգարանում այցելուները կարող են տեսնել Թաթուլի մահճակալը, սիրելի աթոռը, սենյակի գորգերը և պահարանը: Առանձնացված ցուցափեղկերում ներկայացված են հերոսի ծոցագրպանում մշտապես տեղ ունեցող ասեղը և մագնիսը, թղթապանակը, տետրերը: Աչքի է զարնում հայերեն-թուրքերեն բառարանը, որի միջոցով Թաթուլ Կրպեյանը ռազմի դաշտում յուրացրել է թշնամու լեզուն: Տետրի մի համեստ թերթի վրա էլ Գետաշենի հարձակման ու պաշտպանության գծագիրն է, Մարաթուկի անդամների հագուստների գծագիրը` արված Թաթուլ Կրպեյանի կողմից, ինչպես նաև դպրոցական տարիներից մնացած ծածկաթերթիկները (շպարգալկաները): Պատերին էլ փակցված են ինչպես ընտանեկան, այնպես էլ անհատական լուսանկարներ, որոնցից ամենաազդեցիկը հոր և դստեր՝ Թաթուլ և Ասպրամ Կրպեյանների առաջին ու միակ լուսանկարն է:
Հեռ՝ +374 94-02-95-02
Facebook
Location on Google Maps
YouTube