Իրինդի Սուրբ Գևորգ եկեղեցի
Սուրբ Գևորգ եկեղեցի, միջնադարյան եկեղեցի Հայաստանում։ Գտնվում է Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում։ Հուշարձանի դեկորատիվ հարդարանքը բնորոշ է 7-րդ դարի երկրորդ կեսի հայկական արվեստին։ Պահպանվել էր եկեղեցու հյուսիսային մասը։ 2005-2017 թվականներին ընթացել են եկեղեցու վերակառուցման աշխատանքները։ Ֆինանսավորվել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ, ով ծագումով այդ գյուղից էր։ Բազմաբսիդ կենտրոնակազմ եկեղեցի է, հորինվածքով նման է Եղվարդ քաղաքի Զորավար եկեղեցուն, սակայն, այստեղ ավագ խորանի երկու կողմերում կան քառակուսի ավանդատներ, իսկ արևմուտքից աբսիդը փոխարինված է հատակագծում ուղղանկյուն խորշով։
Վերին Սասնաշենի Սուրբ Վարդան եկեղեցի
Սուրբ Վարդան եկեղեցի, կրոնական կառույց Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում։ Եկեղեցին անվանվել է «Սուրբ Վարդան»՝ ի հիշատակ Վարդան Մամիկոնյանի։ Կառուցվել է 2018-2019 թվականների ընթացքում՝ Ռուսաստանի Դաշնության Արմավիրի հայկական համայնքի խորհրդի անդամ, Արմավիր քաղաքի պատվավոր բարերար Ալեքսանդր Սարկիսյանի ջանքերով և միջոցներով։ Սուրբ Վարդան եկեղեցին օծվել է Արագածոտնի թեմի առաջնորդ տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ին։ Հիմնարկեքը իրականացվել է 2018 թվականի մայիսին։ Սուրբ Վարդանը Վերին Սասնաշեն գյուղի միակ եկեղեցին է։ Վերին Սասնաշենցիները մինչև եկեղեցու կառուցումը մկրտության, պսակի արարողության, մոմովառության կամ պատարագի համար գնացել են մոտակա բնակավայրերի կամ Թալին քաղաքի եկեղեցիներ։ Եկեղեցու կառուցման ժամանակ Ալեքսանդր Սարկիսյանի ջանքերով Մշո Սուրբ Առաքելոց վանքի ավերակներից քարեր են բերվել և տեղադրվել եկեղեցու հիմքերում և ճակատային մասում։ Սուրբ Վարդան եկեղեցու դուռը Մշո Սուրբ Առաքելոց վանքի Երևանի պատմության թանգարանում պահվող յուրօրինակ դռան կրկնօրինակն է։ Եկեղեցու օծման արարողությունը նշվել է մեծ շուքով, որին ներկա են գտնվել Ռուսաստանի հայերի միության Արմավիր մասնաճյուղի ղեկավար Գրիգորի Կարապետյանը, խորհրդի անդամներ, մարզի համայնքների ղեկավարներ, Ռուսաստանից ու Հայաստանի տարբեր քաղաքներից ժամանած պատվավոր հյուրեր: Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Թադե քահանա Թախմազյանը։ Եկեղեցու անմիջապես հարևանությամբ Ալեքսանդր Սարկիսյանի կողմից Մեծ եղեռնի զոհերի հիշատակին մեծ խաչ է տեղադրվել: Եկեղեցու տարածքում է գտնվում նաև Սասնա Բերդի թանգարան-թոնրատունը, որը համալրված է ավանդական Սասնա գյուղական տան բազմաթիվ նմուշներով և որտեղ կարելի է ծանոթանալ Մուշ-Սասունի կենցաղավարման ավանդույթներին։ Եկեղեցուն հարում է նաև 1901 թվականին Մշո Սուրբ Առաքելոց վանքի պարիսպների վրա թուրքական կանոնավոր զորամասերի և քրդական ավազակային հորդաների դեմ քաջաբար մարտնչած 37 հայդուկների անվանական եղևնիներով պուրակը։ Հայդուկներից մեկը Մշո դաշտի՝ Մամիկոնեից առասպելական երկրի Ալվառինջ գյուղից Վարդան Տեր-Սարգսյանն է, նույն ինքը Ալվառինջու Վարդանը։ Նա Զորավար Անդրանիկի և հայդուկապետ Գևորգ Չաուշի զինվոր լինելուց բացի Սեյդո Պողոսի ու Աստուրի ընկերն է: Ալվառինջու Վարդանը նաև Ալեքսանդր Սարկիսյանի հորեղբայրն է։ Սբ․ Վարդան եկեղեցու կառուցող Ալեքսանդր Սարկիսյանի նախնիները մշեցիներ են, որոնք գաղթելով Արևմտյան Հայաստանից՝ եկել և բնակություն են հաստատել Վերին Սասնաշենում: Ալեքսանդր Սարկիսյանը նպատակադրվել է շարունակել Մշո Սուրբ Առաքելոց վանքի տարեգրությունը, որը կառուցվել է 4-րդ դարում, Արևմտյան Հայաստանի պատմական Տարոն գավառում։
Սուրբ Զորավոր եկեղեցի 19-րդ դար
Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1858-1860թթ-ին գործել է մինչև 1934թ-ը։ 2021թ․ հոկտեմբերի 7-ին համագյուղացի բարերար Ռոբերտ Լավրենտի Եղիազարյանի ֆինանսավորմամբ և ջանքերով հիմնովին վերակառուցվել և վերաբացվել է։
Սուրբ Նշան եկեղեցին 1869թ․
Սուրբ Նշան մատուռ 1866թ․
4-րդ դարի կիսավեր ամրոց
Ոսկեթասի Սուրբ Հարություն մատուռ
Սուրբ Հարություն մատուռը:Մատուռի հիմնական զորությունը կապվում է շինության ներսում գտնվող քարի հետ:Ուղղանկյուն հորինվածքով մատուռը կառուցվել է Խորհրդային տարիներին գյուղի բնակիչների անմիջական ներդրումներով: Մատուռի տարածքում կան քարերի վրա դրված մի քանի խաչքարերի քանդակներ, որոնք ուխտավորներն են նվիրաբերել: Ներկայումս Ոսկեթաս այցելողները Սուրբ Հարություն մատուռի կողքով անցնելիս մտնում են մատուռ, մոմ վառում հրաշագործ քարի վրա և շարունակում իրենց ճանապարհը:
Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի
Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի Քառախորան, գմբեթավոր եկեղեցի է, կառուցվել է 5-րդ դարում։ Պահպանվել են արձանագրություններ, որտեղ Գրիգորաս անունով վանականը նշում է, որ եկեղեցին ինքը կառուցել է 7-րդ դարում, սակայն ուսումնասիրություններից պարզվել է, որ եկեղեցին 5-րդ դարի կառույց է, բայց վերանորոգվել է 7-րդ դարում և արձանագրությունները վերաբերում են վերանորոգմանը։ Եկեղեցին բացառիկ է իր ներսի տարածության լուծմամբ։ Միջնադարում եկեղեցին շրջապատված է եղել պարսպով, որը վերանորոգման ժամանակ քանդել են։ Ըստ Ղազար Փարպեցու եկեղեցին օրհնել է Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը 486-498թթ։ Սուրբ Հովհաննես եկեղեցու նման եկեղեցիները կոչվում են "մաստարայատիպ"։ Մաստարայատիպ են Ոսկեպարի, Արթիկի Մեծ, Հառիճի վանքի և Կարսի Առաքելոց եկեղեցիները։
Թալինի Կաթողիկե եկեղեցի
Թալինի Կաթողիկե եկեղեցի կամ Թալինի Մեծ տաճարը գտնվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հյուսիսում: Եկեղեցու կառուցումը վերագրում են Կամսարականներին՝ մասնավորապես Ներսես Գ-ին, և թվագրում 7-րդ դար: Կաթողիկե անվան նշանակությունը Հայկական եկեղեցիներն ուսումնասիրելիս հանդիպում ենք բազմաթիվ «կաթողիկե» անունը կրող հոգևոր կենտրոնների: Ուշադիր լինելու դեպքում նկատում ենք, որ նմանատիպ եկեղեցիների անունները սովորաբար կրում են նաև տվյալ տեղանքի՝ գյուղի, քաղաքի, շրջանի անունը: Ինչպես օրինակ Թալինի Կաթողիկե եկեղեցի, Դվինի Կաթողիկե եկեղեցի, Մարմաշենի Կաթողիկե եկեղեցի, Հովհաննավանքի Կաթողիկե եկեղեցի և այլն: Բանն այն է, որ «կաթողիկե» բառը նշանակում է մայր, գլխավոր, տիեզերական եկեղեցի, այն հոգևոր կառույցը, որը համարվում է հայրապետի նստավայրը: Այստեղից ավելի պարզ է դառնում Կաթողիկեի երկրորդ անունը՝ Մեծ տաճար: Ստացվում է, որ ըստ էության, երբ ասում ենք, օրինակ՝ Դվինի Կաթողիկե եկեղեցի, նկատի ունենք Դվինի գլխավոր կամ ամենամեծ հոգևոր կառույցը: Այս առումով Թալինի Կաթողիկեն իրապես աչքի է ընկնում նույն ժամանակաշրջանի մյուս հոգևոր կառույցներից: Քանզի, 7-րդ դարին առավելապես բնորոշ էին զուսպ, մինիմալիստական կառուղոցական լուծումներն ու ճարտարապետական հորինվածքը: Սակայն Թալինի Կաթողիկեն, ի հակառակ ժամանակաշրջանի բնորոշ առանձնահատկություններին, համարվում է եզակի իր մեծաքանակ զարդաքանդակներով: Պատմություն Ըստ ուսումնասիրողների Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է Կամսարականների օրոք, ինչպես Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է Կաթողիկե եկեղեցուց մի փոքր հեռու: Չնայած այս կարծիքն ունի որոշակի բաց և անհայտ կողմեր, սակայն ուսումնասիրելով Կամսարականների ազդեցությունն ու ներգործությունը պատմամշակութային կյանքին՝ կարող ենք ասել, որ նրանք իրապես մեծ ավանդ են ունեցել հայկական շինարարական և ճարտարապետական կյանքում: Չմոռանանք, որ այս տոհմն է հիմնադրել Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին: Որմնանկարները Եկեղեցու ներքին հարդարանքը լի է որմնանկարներով: Ըստ ներսում պահպանված եզակի արձանագրության այդ որմնանկարների պատվիրատուն եղել է Մովսես Եկեղեցապանը: Հատկապես զարդարված է ավագ խորանը, որտեղ պահպանվել են բազմաթիվ մեծ ու փոքր հատվածներ: Ավագ խորանի կիսագմբթե հատվածում պատկերված է եղել «Քրիստոսը փառքի մեջ» հորինվածքի ինքնատիպ տարբերակը, քանի որ Հիսուս Քրիստոսի փոխարեն պատկերված է եղել միայն նրա գահը: Կենտրոնական պատերի երկու կողմերում նկարված են եղել քառակերպեր՝ թևավոր արարծներ մարդու, առյուծի, ցլի, արծվի կերպարներով: Ավաղ դրանցից պահպանվել են միայն սպիտակ թևերը: Դեպի Ավագ խորան տանող կամարի տասը մեդալիոններում՝ շրջանակներում, սրբերի դիմապատկերներ են և հավասարաթև խաչի պատկեր: Իսկ ահա հարավային պատի վրա պահպանվել է «Մուտք Երուսաղեմ» հորինվածքը: Առհասարակ ամբողջ եկեղեցին հարուստ է հեծյլաների, մարդկային ֆիգուրաների, ճարտարապետական շինությունները պատկերող որմնանկարներով:
Ներսես Կամսարականի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ներսես Կամսարականի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցի ճարտարապետական հուշարձան Հայաստանի Թալին քաշաքի հյուսիսային եզրին, Կաթողիկե եկեղեցուց ոչ հեռու։ Ըստ արևմտյան պատի արձանագրության կոչվում է Սուրբ Աստվածածին, և 7-րդ դարում կառուցել է Ներսեհ Պատրիկ Կամսարականը,այդ ատճառով է, որ շատ հաճախ եկեղեցին անվանում են Կամսարական եկեղեցի Պատկանում է խաչաձև-գմբեթավոր փոքր կառույցների այն ենթատիպին, որի արտաքուստ ուղղանկյուն խաչաթևերը ներսից կիսաշրջանաձև են (բացառությամբ արևմտյան թևի)։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից։ Հյուսիսային խաչաթևի արևմտյան պատին դրսից կա փոքր աբսիդ։ Գմբեթային փոխանցումն իրականացված է տրոմպների միջոցով։ Սրբատաշ, կարմրավուն տուֆից կառուցված եկեղեցու զուսպ հարդարանքից աչքի է ընկնում երկշարք, տամնաշար քիվը։ Եկեղեցու արևմտյան ճակատին փորագրված է. «Ես Ներսեհ Ապոհիւպատ Պատրիկ Շիրակայ և Արշարունեաց շինեցի զեկեղեցիս յանուն սրբոյ Ածածնին ի բարեխաւսութիւն ինձ և Շուշանայ ամուսնոյ իմոյ և Հրահատայ որդւոյ մերոյ»։ Վերջին դարերին շրջակա միջավայրի ազդեցությունների և աղետների հետևանքով Կամսարական եկեղեցին ծանր վնասներ է կրել և 1998 թ.-ին վերանորոգվել է դուբայցի մի բարերարի օգնությամբ։ Դիպվածով գտել են կտուրի կղմինդրի բնօրինակը և այդպիսով հնարավոր է եղել վերակառուցել տանիքը։ Թալինի ՍՐԲ․ Աստվածածին եկեղեցի 19-րդ դար։ Կառուցվել է 1866թ-ին Թալինի կենտրոնում։ Եռանավ բազիլիկատիպ եկեղեցի է, ունի փայտե տաղաձև տանիք, որը հենվում է քարե սյուների վրա։ Եկեղեցու երկու մուտքերից արևմտյանը՝ երկհարկ զանգակատան շքամուտքն է։ Արտաքին պատերին կան 7-8-րդ դդ․ խաչեր՝ բուսական, խաղողի և նռան զարդերով։ Եկեղեցու ներսի աստիճանների տակ թաղված է կլոր, մեծ սյան բեկոր՝ վրան դրոշմված 5-6-րդ դդ․ հավասարաթև խաչ։ Եկեղեցու տարածքում սկզբում եղել է մատուռ, բնակչության թվի ավելացման պատճառով, անհրաժեշտություն էր առաջացել կառուցել եկեղեցի։ 1865թ-ին քահանա Տեր Սարգիսը, ով սովորել էր Դութաղի մոտ գտնվող Դերրիկ գյուղում, որը Սուրբ Դանիել վանքերի գյուղ է եղել։ Նա բնակչության հետ միասին կազմակերպել է հանգանակություն և բոլորվ միասին կառուցել են եկեղեցին, բայց ցածր է եղել առանց զանգակատան։ 1888-1902թթ․ կրկին հանագանկություն է հավաքվում, որի արդյունքում վերակառուցում են եկեղեցին և ստանում ներկայիս տեսքը։ Եկեղեցու վերակառուցումից հետո, այն օծել է Խրիմյան Հայրիկը։ Եկեղեցու տարածքում եղել է քահանայի տունը՝ Տեր Եզնիկի, որտեղ գիշերել է Խրիմյան Հայրիկը և նվիրել գեղեցիկ նկար։ Այնտեղ է գիշերել նաև անգլիացի ճանապարհորդ Հենրի Լինչը և իր գրքերում ներակայացրել է Թալինը և բնակավայրերը ինչպես նաև դրանց վերաբերյալ լուսանկարներ։ 1990թ-ին եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվում է։
Թալինի քարավանատուն
Թալինի քարավանատուն, քարավանատուն Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում։ Ավերակները պահպանվել են Հայաստանի Թալինի շրջանում, Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհի վրա։ Ունի քառանկյունի հատակագիծ, 73 մ երկարությամբ, 37 մ լայնությամբ։ Կառուցվել է 12-13-րդ դարերում սև, գորշ և կարմրավուն, սրբատաշ տուֆից, կրաշաղախով։ Իջևանատունը կառուցել են Զաքարյանները, որը նշանավոր տարանցիկ առևտրի կենտրոն է դառնում Դվինից Անի տանող ճանապարհին։ Իջևանատունը գտնվում էր նշանավոր Մետաքսի առևտրական ճանապարհի վրա։ Մետաքսի ճանապարհը ձգվում էր Չինաստանից, Հնդկաստանից մինչև Փոքր Ասիա ընկած հատվածը։Այդ ճանապարհի մի մասն էլ անցնում էր Թալինով։ Թալինի իջևանատունը Մեծ Հայքի ամենամեծ իջևանատներից էր, գտնվում էր Անիից մեկ օրվա ճանապարհի վրա։ Թ. Թորամանյանը գրում է, որ քարավանատունը գտնվում էր «Հին և Նոր Թալինների ճանապարհի միջին կետի վրա»։ Այն ուներ երկու հյուրատուն-սրահների միջև մեծ բակ-վաճառանոց, կարող էր տեղավորել մինչև 300 ուղտերով քարավաններ։ Հենց իջևանատան բակում էլ եկած քարավանները կազմակերպում էին տոնավաճառներ։ Դա շուկա էր նաև Թալինի բնակիչների գյուղատնտեսական արտադրանքի համար։ Պահպանվել է շինության չնչին մասը միայն[2]։ Ժողովրդի շրջանում իջևանատունը կոչվել է Դևեքի քարվանսարա անունով, այսինքն ուղտերով վաճառականների հյուրանոց։ Այստեղ եղել են և ուղտերի, և մարդկանց համար նախատեսված սենյակներ։
Կարմիր ավետարան
Դիլոյի տան Սարգիս քահանան մի շարք հայրենակիցների հետ, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, Կարմիր ավետարանի Սուրբ գիրքը հասցրեցին Թալին բնակավայր։ Կառուցեցին Դիլոյի տունը իր մեծ հացատնով և մատուռը՝ Կարմիր ավետարանը։ Այն գրվել կարմիր գրչով, այդ պատճառով էլ կոչվում է Կարմիր ավետարան։ Ունի նաև իրեն նվիրված տոն։ Զատիկին հաջորդող երրորդ կիրակի օրը՝ Կարմիր ավետարանի տոնն է։ Այդ ժամանակ գիրքը հանվում է իր տեղից և ի ցույց է դրվում հավատացյալ ժողովրդին, օրհնվում է և մարդիկ կատարում են իրենց ուխտը։ Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից Սարգիս քահանան հոգևոր դպրոց է բացում, որտեղ սովորում են այբուբենը և մի շարք հմտություններ։ 1894թ-ին Թալինում բացվում է առաջին ծխական դպրոցը Սարգիս քահանայի եղբոր թոռան ջանքերով՝ Տեր Եզնիկի։ 1896թ-ին Թալինում բացվում է առաջին ռուսական երկդասյա (տարական) դպրոց։ Դիլոյի ազգի համար մեծ նշանակություն է ունեցել հոգևոր դաստիարակությունը և ամեն կերպ փորձել են այն փոխանցել բնակչությանը։ Բնակչության համար մեծ դեր է ունեցել Կարմիր ավետարանը։ Կռիվ գնացող տղամարդիկ անպայման գնացել են Կարմիր ավետարան, աղոթել են և մի բուռ հող են տարել իրենց հետ ռազմաճակատ։ 2014թ-ին Կարմիր ավետարան մատուռը իր տարածքով, հացատնով, վերակառուցվել է Թալինի հավատացյալ և բնիկ ազգաբնակչության կողմից։
Դաշտադեմի ամրոց
Դաշտադեմ բնակավայրը գտնվում է Թալինից մոտ 5 կմ հեռավորության վրա, Թալին-Արմավիր ճանապարհն անցնում է գյուղի տարածքով։ Հնագույն բնակավայր է, որի հարավային կողմում գտնվում է Քաղենի հին բնակատեղին, որը հիմնվել է դեռ Վանի Թագավորության ժամանակներում։ Դաշտադեմի ամրոցը կառուցված է Կամսարականների օրոք՝ Վանի Թագավորության ժամանակ կառուցված ամրոցի տեղում։ Ամրոցի մասին հիշատակում է Ղևոնդ պատմիչը։ 1174թ․ ամրոցի հին հատվածին կցվել են կիսաշրջանաձև և բազմակնյուն հատակագծով բուրգեր, հետագայում կառուցվել են կիսաշրջանաձև աշտարակներով պարիսպներ։ Հյուսաիսային պատի մոտ գտնվում է միանավ թաղածածկ եկեղեցին՝ կառուցված կարմիր սրբատաշ տուֆից։ Ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի, որը սկսվում է պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը։ Ամրոցի միջնաբերդում կա կառուցված պալատ։ Բնակավայրի տարածքում կան նաև այլ հնավայրեր՝ հնձաններ (17-18դդ․), ձիթհան (12-14 դդ), մատուռ (10-15դդ․) և այլ օժանդակ կռույցներ տապանաքարեր։
Սուրբ Քրիստափորի եկեղեցի
Սուրբ Քրիստափորի վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում, նրանից մոտ 2 կմ հարավ-արևմուտք, պատմական Քաղենի բնակավայրի տարածքում Վանքը բաղկացած է՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որը կառուցվել է 7-րդ դարում, նրանից հյուսիս՝ քառակուսի հատակագծով եռահարկ դամբանատուն-զանգակատնից, միաբանության բնակելի շենքերից (այժմ՝ ավերակ), անմշակ քարով շարված պարսպից և 10-14-րդ դարերի խաչքարերով հարուստ գերեզմանատնից, որտեղ գտնվում է նաև մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով թվագրվող վիշապաքար։ Սուրբ Աստվածածին եկեղեցին խաչաձև՝ եռախորան, արտաքուստ ուղղանկյուն խաչաթևերով, կենտրոնագմբեթ փոքր շինություն է, որը հիմնովին նորոգվել է 1980 թվականին։ Գմբեթատակ քառակուսուց անցումը ներսից գլանաձև (արտաքուստ ութանիստ) թմբուկի հիմքին իրականացված է առագաստներով։ Միակ մուտքը արևմուտքից է, որը մշակված է 7-րդ դարին բնորոշ զույգ կիսասյուներով։ Սրբատաշ սև տուֆից շարված պատերին կան կառուցող վարպետների նշանները։
Գետափի Սուրբ Երրորդություն (Գրիգորաշեն)
Սուրբ Երրորդություն (Գրիգորաշեն) բազմախորան եկեղեցի 6-7-րդ դարեր։ Գտնվում է Ախուրյան գետի ձորի ձախակողմյան հարթակի վրա։ Եկեղեցին կանգուն է, գմբեթի գագաթը և մուտքի կողային շարքը քանդված է։ ՀՀ Կառավարության 14․03․1997 թ․ N 51 որոշմամբ եկեղեցին ընդգրկված է Գետափ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցուցակում։
Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցի
Սուրբ Գևորգ եկեղեցի, 7-րդ դարի հայ առաքելական եկեղեցի Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղում։ Կառուցված է հավանաբար Ներսեհ պատրիկ Կամսարական հայոց իշխանի հովանավորությամբ, իսկ ճարտարապետը եղել է Վարդեսը, ով հավանաբար Մամիկոնյան նախարարական տանից էր։ Սուրբ Գևորգ եկեղեցին առանձնանում է ճարտարապետական և շինարարական ինքնատիպ լուծումներով։ Այն բյուզանդական ոճով կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան եկեղեցի է։ Գմբեթավոր տանիքի ոճը հազվադեպ է հանդիպում Հայաստանում, հատկապես մեծ շինություններում։ Քառակուսի հատակագծով ավանդատները գտնվում են աղոթասրահի չորս անկյուններում։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան։ Եկեղեցու հորինվածքում իշխող է գմբեթի թմբուկը։ Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթ իրականացված է մեծ ու փոքր 4 լրացուցիչ տրոմպների միջոցով։ Գմբեթը հենված է քառանկյուն թմբուկի վրա, որն ունի 12 փոքրիկ որմնախորշեր և լուսամուտներ։ Խաղողի ողկույզներով, ատամնաշարերով, կրկնաշար տերևիկներով քանդակազարդ քիվերն ու լուսամուտների պսակները եկեղեցու դեկորատիվ հարդարանքի մաս են կազմում Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցին իր չորս խորաններով, չորս 3/4 խորշերով ու անկյունային չորս սենյակներով ամփոփված է 19,5 մետր երկարության և 15,7 մետր լայնության հատակագծային չափեր ունեցող ուղղանկյուն ծավալի մեջ։ Արևելյան և արևմտյան նախախորանները ունեն փոքր խորություն, երեք քարորդ խորշերը՝ մեծ տրամագիծ, գմբեթատակ քառակուսին՝ զգալի չափեր։ Անկյունային սենյակները ճիշտ քառակուսիներ են և իրենց արևելյան պատի վրա չունեն խորանաձև կլորացումներ։ Հարավ-արևելյան սենյակի հյուսիսային պատի վրա կա քառակուսի փոքր խորության խորշ, հյուսիս-արևելյան սենյակի հարավային պատի վրա նույնպիսի մի խորշ, որի հատակը, սակայն խորանում է հոծ պատի ներսում (այն եղել է գաղտնարան կամ գանձարան)։ Տաճարի մուտքերը երկուսնն են՝ արևմուտքից և հարավից։ Բոլոր խորաններն ունեն մեկական պատուհան։ Անկյունային սենյակներից արևելյան կողմիններն ունեն երկուական, արևմտյան կողմինները՝ մեկական պատուհան (արևնտյան պատի վրա)։ Պատուհանները դեպի ներս առանձնապես շատ չեն լայնանում։ Արևելյան խորանում սեղանն ունի միջին բարձրություն․ տաճարի կենտրոնական մասի սալահատակից այնտեղ են բարձրանում երեքական աստիճաններով։ Բուն խորանը առաջանալով դուրս է գալիս խորանի և նախախորանի սահմաններից, ավելի քան մեկ մետրով։ Արևելյան խորանի առջևում առկա է «դաս» կոչվող հարթակը, որը մինչև տաճարի կենտրոնը հասնող մի կիսաշրջանաձև տարածություն է, ընդհանուր հատակից բարձրացած տասը սանտիմետրի սահմաններում։ Արևելյան կողմի սենյակների ու տաճարի կենտրոնական մասին հատակներն ունեն նույն բարձրությունը, մինչ արևմտյան կողմի սենյակների հատակները վերոհիշյալներից ցածր են 50-55 սմ։ Այդ սենյակների և 3/4 խորշերի միջև առկա է քսան սանտիմետր բարձրության և լայնության միջնորմ (այդտեղ աստիճանների հետքեր չկան)։ 2023թ․ մայիսի 28-ին հայազգի բարերար Համլետ Թադեվոսյանի շնորհիվ եկեղեցում տեղադրվել է 182 մոմանոց շքեղ ջահ։ Եկեղեցու մուտքի դռները նույնպես փոխվել են։
Սուրբ Գևորգ մատուռ 10-13-րդ դարեր
Գտնվում է գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևելք՝ փոքրիկ ձորակի մեջ: Թաղակապ ծածկով կառույց է, տանիքը՝ երկթեք, միակ մուտքը բացվում է հարավային մասից: Ներքուստ արևելյան մասում կիսաշրջան խորան է՝ 80 սմ բարձրության բեմով, խորանի աջ և ձախ հատվածներում կան մեկական խորշեր: Կառուցված է գորշ և սրբատաշ տուֆից: Եկեղեցու արևելյան բարձրադիր գոտում կա 12-րդ դարի խաչքար: Խաչքարի դիմային մասում կենաց ծառից սկիզբ առնող հիմնախաչն է, որի խաչաթևերը ավարտվում են եռաբողբոջ տերևաքանդակներով: Գառնահովիտը հայտնի է նաև բնական և արհեստական քարանձավներով, որոնցից հայտնի է "Ծակ Քարը" որը գտնվում է Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում: Ըստ ավանդույթի այդ քարի միջով 7 անգամ անցողները բուժվում են բոլոր հիվանդություններից: Ըստ հետազոտողների այդ քարանձավի մեջ ճգնել են ճգնավորներ։
Զարինջայի Սուրբ Խաչ եկեղեցի (Կարմիր վանք)
Զարինջայի Սուրբ Խաչ եկեղեցի (Կարմիր վանք), 635 թվականին կառուցված հայ առաքելական եկեղեցի Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում։ Եկեղեցու գմբեթը արտաքուստ ձևավորված է ոլորուն որմնասյուներով և պայտաձև կամարներով՝ եզերված քանդակազարդ քիվով։ Եկեղեցին կանգուն է եղել ավերիչ երկրաշարժից հետո, միայն գմբեթի տարբեր մասերում որոշ նախշազարդեր են ավերվել։
Facebook
Location on Google Maps
YouTube